Posted in Գրականություն 10

Հետաքրքիր փաստեր Ռեյ Բրեդբերիի մասին

1. Առաջին գրական փորձը 12 տարեկանում էր: Բրեդբերին հիացած էր Էդգար Բարոուզի «Մարսի հաղթական հերոսը» վեպով: Կարդացել էր առաջին հատորն ու սպասում էր երկրորդին: Բայց ոչ թե վեպի լույս տեսնելուն, այն վաղուց էր տպագրվել, այլ շատ աղքատ էին ու գիրք գնելու գումար հայթայթելուն: Ստիպված գործի դրեց երևակայությունն ու ինքը հորինեց շարունակությունը վեպի: Ահա թե որտեղից ծագեց միտքը գրելու «Մարսյան քրոնիկները»:

2. Դպրոցական էր, երբ որոշեց, որ պետք է գրող դառնա ու որոշեց ամեն օր գրել ու գրում էր: Ամենաքիչը՝ 1000 բառ:

3. Դպրոցն ավարտելուց հետո՝ 1938-ին, Բրեդբերին գումար չուներ քոլեջում սովորելու համար: Նյու Յորք Թայմզի մի հարցազրույցում ասում է, որ ինքը չի հավատում քոլեջների ու համալսարանների տված կրթությանը և ասում էր, որ ինքը կրթություն է ստացել գրադարանում, ուր այցելում էր շաբաթական երեք օր տասը տարի շարունակ:

4. «Խատուտիկի գինին» գրեթե ինքնակենսագրական է, եղբայրների՝ Թոմի ու Դուգլասի կերպարների տակ թաքնված է հենց ինքը՝ Բրեդբերին:

5. Միակ հարազատ մարդը, ում կերպարը գրքերում չի օգտագործել, գրողի հայրն էր: Հոր մահվանից տարիներ անց միայն Բրեդբերին նրան կնվիրի իր պատմվածքների ժողովածուն՝ «Բուժիչ դեղ մելամաղձության դեմ»:

6.Ռեյ Բրեդբերին կյանքում առաջին անգամ աղջկան ժամադրության է հրավիրել 22 տարեկանում:
Մարգրեթ Մակլյուրն աշխատում էր գրախանութում: Ռեյը երկար, մեծ գրպաններով վերարկու էր հագել, ու աղջիկը համոզված էր, որ նա գող է ու եկել է գրախանութից գիրք թռցնելու. օրեր առաջ նման միջադեպ էր եղել ու փնտրում էին գողին: Ու Մեգգին կես ժամ տղայի ետևից պտտվելուց հետո չդիմացավ ու հարցրեց. «Ինչո՞վ կարող եմ Ձեզ օգնել»: Ռեյը նոր լույս տեսած պատմվածքների անթոլոգիան էր փնտրում, որտեղ իր պատմվածքն էլ կար: Սկսեցին զրուցել, իսկ հաջորդ օրը Ռեյը Մեգիին հրավիրեց սրճելու: Սուրճը դարձավ կոկտեյլ, կոկտեյլը՝ ընթրիք, իսկ մեկ տարի անց նրանք ամուսնացան:

Մարգրեթը միակ աղջիկն էր, ում հետ ժամադրվել է Բրեդբերին: Նա աշխատում էր ամբողջ օրը գրախանութում, իսկ Ռեյը մնում էր տանն ու գրում: 1940-ականների համար դա չլսված բան էր:

7. Երիտասարդ չունևոր ընտանիք էին ու հեռախոս գնելու շռայլություն չէին կարող թույլ տալ իրենց: Եվ որպեսզի հրատարակիչներն ու խմբագիրները կարողանան կապ հատատել գրողի հետ, Բրեդբերին տալիս է նրանց դիմացի փողոցում գտնվող բելզալցակայանի վճարովի հեռախոսասարքի համարը: Աշխատելիս պատուհանը բաց էր թողնում, որ եթե զանգ լսի, իսկույն վազի, անցնի փողոցն ու պատասխանի զանգին:

8. Երբեք վարորդական իրավունք չի ստացել ու մեքենա չի վարել: 16 տարեկան էր, երբ մահացու ելքով ավտովթարի ականատես եղավ: Ավելի ուշ հարցազրույցներից մեկում կպատմի այդ օրվա մասին. «Ես քայլում էի՝ վախից դողալով, հենվելով ծառերին ու պատերին: Ինձ ամիսներ պետք եղան վերականգնվելու համար: Ավտոմեքենան ամենավտանգավոր զենքն է մեր հասարակության համար. նրանք ավելի շատ են մարդ սպանում, քան պատերազմները»:

9. Անգամ 79 տարեկան հասակում սրտի կաթվածի պատճառով բազկաթոռին գամված նա շարունակում էր ամեն օր աշխատել: Բրեդբերին սրտանց հավատում էր, որ ամեն նոր պատմվածք երկարացնում է իր կյանքը: Նա ուզում էր ապրել հարյուր տարի, ստացվեց 92-ը:

10. Իր վերջին պատմվածքը «Կարմիր գլխակապով շունն» էր, որ լույս տեսավ 2010 թվականին:

11. Հեղինակել է 10 վեպ, 6 վիպակ, շուրջ 400 պատմվածք, նաև գրել է բանաստեղծություններ, հոդվածներ, ակնարկներ ու էսսեներ, ունի տասնյակ պիեսներ ու մի շարք սցենարներ, աշխատում էր «Մոբի Դիկ» վեպի էկրանավորման սցենարի շուրջ, ինչպես նաև «Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է» սերիալի սցենարիստն էր:

12. Բրեդբերին իր անունով աստղ ունի հոլիվուդյան Փառքի ճեմուղում, աստերոիդ՝ երկնքում, և խառնարան՝ Մարսի վրա:

13. Նա ուզում էր, որ իր աճյունամոխիրը ուղարկվի Մարս տոմատե ապուրին խառնած տարայով, իսկ հետո մտածեց, որ լավ կլինի ունենալ շիրմաքար, որի վրա իր գրքերի վերնագրերը կլինեն, իսկ ներքևում գրված կլինի. «Խատուտիկներ թողեք այստեղ՝ ի հիշատակ «Խատուտիկի գինի» գրքի, որը շատերն են սիրում»: Վերջնական տարբերակը պարզ ու հասարակ շիրմաքար էր, որի վրա գրված էր՝ հեղինակը 451 աստիճան ըստ ֆորենհայթիի:

14. Բրեդբերի մահից ամիսներ անց ՆԱՍԱ-ն հրթիռ ուղարկեց մարս և տիեզերանավի վայրէջքի տեղը կոչեցին Բրեդբերիի անունով: